Բաժիններ՝

Մարտի 19-ին 1 ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունը

Արդեն 8 տարի է Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին: Արշավի նպատակը հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգրռ կողմերին լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ միավորելն է` հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

«Մոլորակի ժամն» առաջին անգամ մեկնարկվել է 2007 թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը: Դրա նպատակը մարդկության ուժերը միավորելն էր կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է` 2016թ. կազմելով 178 երկիր:

«Էներգետիկայի նախարարությունը շատ է կարևորում այս միջոցառումը: Կլիմայի փոփոխությունն առաջին հերթին Հայաստանում ամենաաղետալի հետևանքներն է թողնում բնապահպանության, գյուղատնտեսության և էներգետիկայի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս տարի «Մոլորակի ժամը» տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 20:30-21:30-ը: Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Այս տարի արշավին միացել են Աբովյան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Դիլիջան, Գավառ, Էջմիածին, Գյումրի, Գորիս, Հրազդան և Վանաձոր քաղաքները:

«Աբողջ աշխարհում լույսերը մեկ ժամով անջատելու հիմնական նպատակը ոչ թե կլիմայի փոփոխության վրա ազդելն է, այլ մարդկանց իրազեկ ման բարձրացումը: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր բնապահպանական պարտքը. չօգտագործի շատ էլեկտրաէներգիա, մեքենաներից հնարավորինս քիչ օգտվի և այլն»,- ասաց «WWF- Հայաստան»-ի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Բացի լույսերը մարելու խորհրդանշական գործողությունից, այդ օրն աշխարհում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Երևանում այս տարի տեղի կունենա հեծանվային երթ: Երթին միացել են բազմաթիվ կամավորներ, որոնց նպատակն է հասարակությանը ներգրավել ՙՄոլորակի ժամ՚ ակցիային` խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ավելացումը:

Արմինե Մացոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս