
«Վերջին շանսն է՝ համատարած ապատիան վերացնելու». Նաիրա Զոհրաբյան

Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ն պատրաստել է առաջարկների լայն փաթեթ՝ բաղկացած շուրջ 30 կետից՝ ընտրացուցակների հրապարակում, լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման վերացում, ընտրատեղամասերում 1-ի փոխարեն 2 վստահված անձի ներկայություն, հանձնաժողովի կողմից դիտորդին դուրս հրավիրման իրավասության վերացում, ընտրացուցակներում ազգային փոքրամասնությունների պարտադիր ընդգրկում և այլն:
Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Նույնիսկ ամենաիդելական ԸՕ-ն, եթե չկա քաղաքական կամք, ոչինչ չի փոխելու, բայց գոնե կնեղացնի մեզանում ոսկերչության մակարդակի հասցված սողանցքները»,- ասաց նա: Ն.Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ որոշել է իրեն չկաշկանդել որևէ պայմանով, գոնե տեսանելի ապագայում հանդես չի գալու որևէ երկյակ, եռյակ, պլատֆորմ, գործողությունները սահմանափակող որևէ ֆորմատով: Իսկ թե ո՞վ է իրական ընդդիմությունը, նրա կարծիքով, ժողովուրդը կորոշի. «Ամենալավ ինդիկատորը հանրությունն է»:
Մի բան, ըստ Ն.Զոհրաբյանի, հստակ է՝ 2017 թ. ընտրությունները լինելու են լակմուսի թուղթը և վերջին հնարավորությունը՝ տեսնելու, թե մեր երկրում հնարավո՞ր է անցկացնել ընտրություններ, որոնք կբարձրացնեն նաև միջազգային հանրության վստահությունը Հայաստանի նկատմամբ. «Վերջին շանսն է՝ համատարած ապատիան` ընտրական գործընթացների, քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների հանդեպ հանրության շրջանում վերացնելու»,- ասաց նա: