«Իրական ընդդիմադիր ուժը միայն մեկն է». Լևոն Զուրաբյան

«Պետք է թույլ չտալ, որ իշխանությունները ևս մեկ անգամ կեղծեն ընտրությունները: Դրա համար ամենակարևոր օրակարգն այնպիսի Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որը կհաստատի լրջագույն հասարակական վերահսկողություն ընտրությունների օրինականության վրա: Այս առումով կարևորագույն խնդիրը, որ դրված է քաղաքական ուժերի և հասարակության առջև, ԸՕ առաջարկների միասնական պլատֆորմի ձևավորումն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ինտենսիվ հանդիպումներ են ընթանում և՛ քաղաքական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության հետ, արդյունքում արդեն ձևավորվում է միասնական օրակարգը: Վերջին նորությունը, ըստ Լ.Զուրաբյանի, «Հայկական վերածնունդի» միանալն է: «Մենք ուրախ ենք ցանկացած քայլի համար, որ տանում է միասնական պլատֆորմի ձևավորմանը: Ավելի ուրախ կլինենք, երբ ՀՀԿ-ն միանա մեզ,- նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարն ու շարունակեց,- Երբ «շմայսատիպ» հանրապետականները ԱԺ նիստերի դահլիճում այդ հիմար հայտարարություններն անում են, դրա նպատակը ո՞րն է, իրենք հո հասկանում են դրա վնասը իրենց համար»:

Նրա խոսքով՝ «շմայսների» և մյուս մականունավորների դեմքով հանդես գալը ՀՀԿ-ի վարկանիշն է նվազեցնում, դրանով փորձում են շեղել հիմնական օրակարգից, սակայն իսկապես լուծվում է իշխանության վերարտադրման և չվերարտադրման հարցը, և ճնշումը մեծ է թե՛ հասարակության, թե՛ միջազգային կառույցների կողմից:

«Պլատֆորմը, ըստ էության, ձևավորվել է, մի քանի պահանջներ կոնսենսուսային են՝ ցուցակները մաքրել, ընտրածների ցուցակները հրապարակել, ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը և այլն. ընդհանուր 5 պահանջի շուրջ այժմ գնում է կրիստալիզացիա»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Որպես ԸՕ գլխավոր ծուղակ` Լ.Զուրաբյանը նշեց ընտրատարածքային ցուցակները. դրանով լեգալացվում է իշխանությունների և տեղական իշխանիկների ու օլիգարխիկների սիմբիոզը, որ եթե նախկինում վերջիններիս մեծամասնականով էին բերում խորհրդարան, իսկ նրանք էլ օգնում էին փողով, կեղծիքներով, այժմ ոչ միայն օրինականացնում են այդ առևտուրը, այլև վերահսկողությունն ու հաշվարկն են օրինականացնում, որ կարողանան հաշվել, թե Սամվել Ալեքսանյանը քանի մարդ է բերել. «Ռեժիմն, ըստ էության, հաստատում է վերահսկողություն ադմինիստրատիվ ռեսուրսի, քրեական ռեսուրսի նկատմամբ՝ ի օգուտ իշխանությունների: Լեգալացվում են այդ բոլոր երևույթները և պետք է ամեն ինչ անել, որ դա չլինի»:

Լ.Զուրաբյանի խոսքով՝ ամենաիդեալական ԸՕ դեպքում էլ առանց քաղաքական կամքի հնարավոր չէ, իսկ ԸՕ-ն պետք է կեղծարարության դաշտը նեղացնելու և հանրային վերհսկողություն սահմանելու համար:

Թե ո՞ր ուժերն են ընդդիմադիր, Լ.Զուրաբյանը ուղիղ չնշեց, միայն ասաց, որ իրական ընդդիմադիր ուժը միայն մեկն է, իսկ թե որը, թողեց հանրությունը կռահի:

Հարցին՝ եթե տեսականորեն այդ միակը ՀԱԿ-ն է, ապա ինչպե՞ս են կեղծ ընդդիմադիրների հետ միավորվում, Զուրաբյանը պատասխանեց, թե սահմանը լղոզված է, մշտական պայքար է, մի ուժը կարող է լինել ընդդիմություն, հետո անցնել իշխանություն, բայց կորիզը միշտ կա և զարմանալ պետք չէ:

Տեսանյութեր

Լրահոս