Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչության սպառնալիքի մասին
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում ահաբեկչական սպառնալիքի մասին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:
«Մեր դեսպանությունները ողջ աշխարհում պարբերաբար անվտանգության վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում ԱՄՆ-ի քաղաքացիներին»,- ասել է Սթիվենսը:
«Այսօր Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը տարածել է տեղեկություն անվտանգության մասին՝ կապված վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի նորացված նախազգուշացման անհրաժեշտության հետ, որը վերաբերում է Եվրոպայում ահաբեկչական վտանգին, այդ թվում՝ նաև Ռուսաստանում»,- հայտնել է Սթիվենսը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեսպանությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին «զգոն լինել, քանի որ Ռուսաստանում շատ բարձր են մնում ահաբեկչության հետ կապված ռիսկերը:
Հավաստի աղբյուրները վկայում են, որ ահաբեկիչներն ակտիվորեն հարձակումներ են նախապատրաստում Եվրոպայում ու այդ նախապատրաստությունը կարող է վերաբերել նաև Ռուսաստանին, հատկապես առնչվել Մոսկվային: Պոտենցյալ ահաբեկչական հարձակումների թիրախներ կարող են դառնալ հասարակական վայրերը, ինչպիսիք են ռեստորանները, զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև տրանսպորտը»,- ասված է հայտարարության մեջ: