
ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցություններում համաձայնեցրել է ներգաղթյալների հարցով դիրքորոշումը

Եվրամիության ղեկավարները պայմանավորվել են համատեղ համաձայնեցված դիրքորոշում ունենալ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում, որը ներկայացնելու են Թուրքիային, տեղեկացրել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում՝ նշելով, որ համաձայնագիրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին այսօր մինչ խորհրդի նիստը ներկայացնելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Առաջարկվող պլանը ենթադրում է Թուրքիայից Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալների հետ վերադարձ դեպի Թուրքիա:
Փոխարենը, ինչպես սպասվում է, ԵՄ-ն կարող է Անկարային առաջարկել ֆինանսական օգնություն ու Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց վիզայի մատչում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է Թուրքիային, որ վերջինս պետք է ապահովի բոլոր փախստականների պաշտպանության միջազգային չափանիշները:
Նրա խոսքով՝ անօրինական փախստականների վերաբնակեցումը Թուրքիայի ճամբարներից ԵՄ, համաձայն գործարքի պայմանների, կսկսվի մի քանի օր անց այն բանից հետո, երբ առաջին անօրինական ներգաղթյալին Հունաստանից հետ կվերադարձնեն Թուրքիա:
Ըստ Մերկելի՝ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի նրան, որ անօրինական ներգաղթյալներին վերադարձնի Թուրքիային արագ տեմպերով՝ կասեցնելու համար անօրինական միգրացիայի նոր ալիքը մինչ համակարգի գործելը:
Թուրքիայի վարչապետն իր հերթին նախազգուշացրել է, որ Թուրքիան չի պատրաստվում վերածվել փախստականների համար բաց բանտի: