«Օկուպացված տարածքներում ռուսական զենքի ներկայությունն ամբողջությամբ հակասում է տրամաբանությանը». Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն հարցազրույց է տվել «Կոմերսանտին», որտեղ խոսել է Ադրբեջանի կողմից ռուսական սպառազինությունների գնման և Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինությունների մասին:
Վերջինս հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, իսկ տեղեկությունն այն մասին, թե Բաքվի և Մոսկվայի միջև գոյություն ունեն չլուծված ֆինանսական խնդիրներ՝ կապված սպառազինությունների գնման պայմանագրերի հետ, չեն համապատասխանում իրականությանը:
«Ոչ մի խնդիր չկա՝ կապված վճարումների հետ, տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դրա հետ կապված կան չլուծված ֆինանսական հարցեր, ճիշտ չէ: Մենք վճարում ենք բոլորը՝ համապատասխան պայմանագրերի: Կան խնդիրներ՝ դրանց կատարման հետ կապված, այն պլանով, որ սպառազինությունները, որոնք մատակարարվում են Ադրբեջանին, պետք է համապատասխանեն տեխնիկական բնութագրիչներին, որոնք գրանցված են պայմանագրերով: Դմիտրի Ռոգոզինը (Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ) Բաքու էր եկել, որպեսզի հասկանա, թե որն է խնդիրը՝ կապված այդ չափորոշիչների հետ, ստացավ լիարժեք բացատրություն, հարցեր չկան այլևս»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Ընդհանուր առմամբ՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում հաջողությամբ զարգանում են՝ կոմերցիոն սկզբունքների ու փոխշահավետ համագործակցության հիման վրա»,- հավելել է Մամեդյարովը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ՌԴ-ին ուղարկված բողոքի նոտային՝ կապված Հայաստանին ռուսական սպառազինությունների մատակարարումների հետ, վերջինս նշել է, որ դա բողոքի առաջին նոտան չի եղել:
«Մի կողմից՝ Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ ցանկացած երկիր իրավունք ունի սպառազինություն մատակարարել այն երկրին, որին անհրաժեշտ է համարում: Նոտայի բովանդակությունը հանգում էր խնդրանքին, որ Ռուսաստանը, երբ մատակարարում է սպառազինություններ Հայաստանին, հաշվի առնի, որ այդ սպառազինությունները չպետք է հայտնվեն օկուպացված ադրբեջանական տարածքներում:
Այդ մատակարարումներում գոյություն ունի վերջնական օգտատիրոջ կանոնը: Եթե վերջնական օգտատերը լիներ Հայաստանը, ապա հարցը դուրս չէր գա Մոսկվայի ու Երևանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակից: Իսկ երբ զենքը հայտնվում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, դա բոլորովին այլ հարց է»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «օկուպացված տարածքներում» ռուսական զենքի ներկայությունն ամբողջությամբ հակասում է տրամաբանությանը»: