
ԱՄՆ-ը չի ճանաչում Սիրիայում քրդական ինքնավարությունը

ԱՄՆ-ը չի ճանաչում քրդական ինքնավարությունը, որը երեկ հռչակվել է Սիրիայի հյուսիսում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ռոսբալտը»:
«Ես կցանկանայի նաև նշել, որ մենք չենք ճանաչում Սիրիայի ներսում առաջացած ինքնավարությունները»,- հայտարարել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Երեկ հայտնի է դարձել, որ քրդերը Սիրիայի հյուսիսում հայտարարել են դաշնային շրջանի ստեղծման մասին: Ենթադրվում է, որ դաշնությունը միավորելու է տարբեր ազգային համայնքներ, ինչպես նաև քուրդ աշխարհազորայիններին՝ պայքարելու ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ան-Նուսրայի» ու ահաբեկչական մյուս խմբավորումների իսլամիստների դեմ:
Սիրիայի Խասեկե նահանգի Ռումեյլա քաղաքում հավաքվել են Սիրիայի հյուսիսից ժամանած մոտ 200 պատվիրակներ, որոնք ներկայացնում են Սիրիայի Քուրդիստանը, ինչպես նաև Հալեպ ու Ալ-Շանբե քաղաքները ներկայացնող հայկական, արաբական, ասորական, չեչենական, չերքեզական, թուրքմենական համայնքների ներկայացուցիչներ: Հավաքն ընթանում է «Դաշնային Սիրիան ընդհանուր կյանքի ու ժողովուրդների եղբայրության երաշխիքն է» կարգախոսի ներքո: