Կարելի՞ է` Մեծ Պահքի 40 օրվա փոխարեն ամառային արձակուրդներին 40 օր պահք պահել
– Ես ուսանող եմ ու տանը մեկ անգամ եմ հաց ուտում, օգտվում եմ բուհիս ճաշարանից: Կարելի՞ է, որ Մեծ Պահքի 40 օրվա փոխարեն ամառային արձակուրդներին 40 օր պահք պահեմ:
– Պահքի իմաստը ուտելու կամ չուտելու մեջ չէ: Թե օրվա մեջ քանի անգամ ես ուտում՝ այդքան էլ էական չէ: Կարևոր է սովածության զգացումը, որպեսզի սովածությանը համբերելով՝ մարդը վարժվի ժուժկալության: Ժուժկալությունն անհրաժեշտ է հատկապես մեր հոգևոր կյանքի համար. պետք է ժուժկալ լինել ոչ միայն ուտելու, այլ նաև խոսելու, քնելու մեջ: Այս ամենի մեջ մեզ օգնության է գալիս Սուրբ Եկեղեցին: Ուստի անհրաժեշտ է Մեծ պահքը պահել հենց Մեծ պահքի օրերին: Դուք կարող եք հրաժարվել բուհի ճաշարանից՝ օրը մեկ անգամ ուտելով տանը: Իսկ եթե տանն էլ չլինի պահքային կերակուր, ուղղակի կարող եք քիչ ուտել:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am