Թութանհամոնի դամբարանում գաղտնի սենյակներ են հայտնաբերվել
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Մահմուդ Էլդամատին հայտարարել է, որ ռադիոտեղորոշիչ սքանավորման օգնությամբ հաջողվել է պարզել, որ Թութանհամոնի դամբարանն ունի նվազագույնը երկու գաղտնի սենյակ, որտեղ գտնվում են մետաղական իրեր ու «օրգանական ծագման» առարկաներ:
Եգիպտացի նախարարի խոսքով՝ սքանավորման հիման վրա արված եզրակացությունների ճշգրտությունը կազմում է 90%, հայտնում է BBC-ն:
Հնագետները ենթադրում են, որ Թութանհամոնի վերջերս հայտնաբերված գաղտնի սենյակներում կարող է թաղված լինել Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտին: Նեֆերտիտին հնագույն Եգիպտոսի թագուհին է եղել Ք.ծ.ա. 1351-1334թթ: Համարվում է, որ նա՝ փարավոն Ամենհոտեպի կինը, Թութանհամոնի խորթ մայրն է եղել:
Բրիտանացի հնագետ Նիկոլաս Ռիվզը կարծում է, որ Թութանհամոնը, ով անսպասելիորեն մահացել է 19 տարեկանում, թաղվել է դամբարանի առջևի հատվածում, որը, հավանաբար, նախատեսված է եղել Նեֆերտիտիի համար:
Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922 թվականին: