Անկարան Թուրքիայից արտաքսել է կալանավորված թուրք գործընկերների ճակատագրով մտահոգ բրիտանացի գիտնականին
Բրիտանացի Քրիս Սթիվենսոնը, ով 25 տարի ապրել և աշխատել է Թուրքիայում, արտաքսվել է Անկարայի իշխանությունների կողմից: Նա ձերբակալվել է երեքշաբթի օրը, երբ գնացել է ոստիկանական տեղամաս՝ տեղեկանալու «Ակադեմիկոսների նախաձեռնություն՝ հանուն խաղաղության» նամակի համար կալանավորված իր թուրք գործընկերների ճակատագրի մասին, ովքեր դատապարտում էին քրդերի դեմ երկրի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ գործողությունները:
Սթիվենսոնին, ով դասախոսություններ է կարդացել Ստամբուլի Բիգլի համալսարանում, մեղադրել են քուրդ անջատողականների օգտին քարոզչություն կատարելու մեջ, քանի որ բաժանել է Նովրուզ տոնին մասնակցելու հրավերներ, որը հիմնականում տոնում են քրդերը:
«Ես խաղաղություն եմ ցանկանում ու միշտ հանդես եմ գալիս հանուն խաղաղության»,- ասում է բրիտանացին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի 89 համալսարանների 1128 դասախոսներ ստորագրել էին «Մենք չենք լինի այդ հանցագործության համախոհ» հռչակագիրը, որը դատապարտում էր երկրի հարավարևելյան շրջաններում «Քրդական աշխատավորական» կուսակցության դեմ ռազմական օպերացիան:
Թուրքիայի նախագահն այդ նախաձեռնությունը համարել էր հակաթուրքական: Հարյուրավոր թուրք գիտնականների դեմ քրեական գործեր են հարուցվել, շատերին հեռացրել են համալսարաններից, հայտնում է Euronews-ը: