Քրդերը Սիրիայի հյուսիսում հայտարարել են դաշնային շրջանի ստեղծման մասին. հավաքին մասնակցում են նաև հայ համայնքի ներկայացուցիչները
Սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում հայտարարել են դաշնային շրջանի ստեղծման մասին, հայտնում է AFP-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել քրդերի՝ Սիրիայի հյուսիսում դաշնություն ստեղծելու պլանների մասին, որը, միաժամանակ, լինելու էր Սիրիայի կազմում: Ենթադրվում է, որ դաշնությունը միավորելու է տարբեր ազգային համայնքներ, ինչպես նաև քուրդ աշխարհազորայիններին՝ պայքարելու ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ան-Նուսրայի» ու ահաբեկչական մյուս խմբավորումների իսլամիստների դեմ:
Դամասկոսն արդեն դաշնային շրջանի ստեղծման մասին հայտարարությունն անօրինական է անվանել:
Սիրիայի Խասեկե նահանգի Ռումեյլա քաղաքում հավաքվել են Սիրիայի հյուսիսից ժամանած մոտ 200 պատվիրակներ, որոնք ներկայացնում են Սիրիայի Քուրդիստանը, ինչպես նաև Հալեպ ու Ալ-Շանբե քաղաքները ներկայացնող հայկական, արաբական, ասորական, չեչենական, չերքեզական, թուրքմենական համայնքների ներկայացուցիչներ: Հավաքն ընթանում է «Դաշնային Սիրիան ընդհանուր կյանքի ու ժողովուրդների եղբայրության երաշխիքն է» կարգախոսի ներքո:
Ավելի վաղ Մոսկվայում Սիրիայի Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է, որ դաշնայնացման հռչակման որոշումը իր ձևի մեջ յուրատեսակ պատասխան է այն բանին, որ քրդերը չեն հրավիրվել մասնակցել ներկայում Ժևնում ընթացող միջսիրիական բանակցություններին: