«Որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր չկա». Գագիկ Մելիքյանը՝ ԱԺ-ում պատգամավորների հայհոյախառն լեզվակռվի մասին
«Խմբակցությունն անելիք չունի, ցանկացած պատգամավոր ինքն անելիք ունի»,- այսօր Ազգային ժողովում արձագանքելով հարցին, թե ի՞նչ անելիք ունի ՀՀԿ-ն, երբ կուսակցության պատգամավորներն իրենց նման ոչ կոռեկտ ձևով են պահում՝ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ բուռն լեզվակռիվ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանի ու Կարեն Ավագյանի միջև, որի ընթացքում անգամ հայհոյանքներ են հնչել:
Ըստ Գ. Մելիքյանի՝ նման իրավիճակներում անելիք ունեն իրենք՝ պատգամավորները, և ոչ թե՝ խմբակցությունը: Հարցին, թե ի՞նչ պետք է անի պատգամավորը, Գ. Մելիքյանն այսպես արձագանքեց. «Իրեն կոռեկտ և պատգամավորին վայել պահի»:
Հարցին՝ եթե նա չի կարողանում դա անել, չպե՞տք է խմբակցությունը նրան զսպաշապիկ հագցնի, Գ. Մելիքյանն այսպես արձագանքեց.
«Չեմ կարծում՝ որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր կա»:
Հարցին էլ, թե՝ արդյոք նման երևույթները կուսակցության հեղինակությանը չե՞ն վնասում, ՀՀԿ քարտուղարը պատասխանեց, որ իրենց հեղինակությունը բարձր է՝ թե՛ պատգամավորների, թե՛ կուսակցության: «Չեմ կարծում՝ նրա վարքագիծը կարող է ազդել մեր վարկանիշի վրա»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ ոչ կոռեկտ դրսևորողներին մյուս խորհրդարանական ընտրություններին չներառեք ձեր ցուցակում: Գ. Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք ժողովրդին, ժողովուրդը պետք է ինքը որոշի՝ ով կլինի խորհրդարանում»: