«Սիրիայում ՌԴ-ի անակնկալ որոշումը չի անդրադառնա Հարավային Կովկասի վրա»

«Սիրիայից Ռուսաստանի «դուրս գալը» նման է Աֆղանստանից ԱՄՆ-ի «դուրս գալուն»»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» ակումբի անդամ, ռուս քաղաքագետ, վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ իշխանությունների՝ Սիրիայից «դուրս գալու» անակնկալ որոշմանը։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ մարտի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ձեռք բերած համաձայնության և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի արդյունքում ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամայեց մարտի 15-ին Սիրիայից դուրս բերել ռուսական հիմական ռազմական ուժերը։

Ի դեպ, Պուտինի այս քայլը հավանության էր արժանացել Արևմուտքի կողմից։ ՌԴ նախագահի անակնկալ հայտարարությունը քննարկումների բուռն առիթ է դարձել։ Տեղեկացնենք, որ զորամիավորումների դուրսբերումը սկսվել է մարտի 15-ին։ Ֆյոդոր Լուկիանովը հիշեցրեց Պուտինի դեկտեմբերյան մեկնաբանությունն այն մասին, որ Ռուսաստանին անհրաժեշտ չէ մշտական ներկայություն Սիրիայում, ավելին, անհրաժեշտության դեպքում զորքերն ու զինտեխնիկան հեշտությամբ դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ռուս վերլուծաբանը նշեց, որ այս խոսքերին ամիսներ առաջ ոմանք չհավատացին։ Սակայն, նրա համոզմամբ, ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ այդ կարծիքները թյուր էին, և ՌԴ-ն հետաքրքրված էր Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորմամբ։ Իր այս քայլով, Լուկիանովի դիտարկմամբ՝ Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման փորձ է անում՝ զիջման գնալով, հող է նախապատրաստում Սիրիայում քաղաքական կարգավորման համար և ազդանշան է փոխանցում Դամասկոսին, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ասադի փոխարեն «անել անհրաժեշտ գործը»։

«Սա ուղերձ է մի քանի հասցեատերով, և այդ հասցեատերերին այդ ուղերձն արդեն հասել է ու ճիշտ ընկալվել, ըստ իս»,- ասաց Լուկիանովը։ Վերջինս Ռուսաստանի «դուրս գալը» Սիրիայից համեմատեց Աֆղանստանից ԱՄՆ-ի «դուրս գալու» հետ, քանի որ Ռուսաստանը ևս պահպանելու է Սիրիայում իր բազաներն ու որոշ զորամիավորումները։ «Վալդայ» ակումբի անդամի համոզմամբ, մերձավորարևելյան բեկումները, մասնավորապես, ՌԴ նախագահի անակնկալ որոշումը չի անդրադառնա Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա։

Ըստ նրա, այստեղ Ռուսաստանից անակնկալ սպասել պետք չէ, քանի որ Ռուսաստանը զբաղված է այլ խնդիրներով, և հակամարտություններն այսօր առաջ են շարժվում իրենց տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան զենքի գործարքներին, հայկական զինացանկի հրապարակմանը, ապա Լուկիանովը գտնում է.

«Ռուսաստանը շարունակելու է պահպանել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Ռուսաստանի քաղաքականության հիմքն այս տարածաշրջանում դա է, որից բխում են մյուս քայլերը։ Անպայման չէ նույն զենքը, բայց Ռուսաստանը պահպանում է պարիտետը և երկու կողմերին համարժեք զինամթերք է վաճառում»։

Տեսանյութեր

Լրահոս