
«Կրեմլի վերաբերմունքը բացասական է». Պեսկովը՝ Թրամփի հոլովակում հայտնված ծիծաղող Պուտինի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում Վլադիմիր Պուտինի կերպարը հանրապետական Դոնալդ Թրամփի հոլովակում օգտագործելուն, հայտնում է TASS-ը:
«Վերաբերվում ենք բացասաբար»,- ասել է Պեսկովը՝ նշելով, թե տեսել է հոլովակը: Միաժամանակ, նա հավելել է, թե չգիտի՝ արդյոք այն տեսել է Պուտինը:
«Մեզանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այնտեղ Ռուսաստանի ու երկրի հետ կապված ամեն ինչի դիվայնացումը, ցավոք, ամերիկյան նախընտրական արշավի պարտադիր բաղադրիչ է»,- հայտարարել է նա:
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ում ընտրական գործընթացները հարկավոր է վարել «առանց մեր երկրի նկատմամբ նման հղումների»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր Instagram-ում նախընտրական հոլովակ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ:
Առաջինը տեսահոլովակում հայտնվում է Պուտինը, ով մարզումների ժամանակ գետնին է տապալում իր մրցակցին: Այնուհետ երևում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչն ու հաչող ԱՄՆ նախկին առաջին տիկինը, որից հետո դարձյալ երևում է Պուտինը՝ այս անգամ ծիծաղելիս:
Հոլովակն ունի հետևյալ խորագիրը. «Երբ գալիս է ժամանակը՝ բախվելու մեր կոշտ հակառակորդներին, դեմոկրատները ունեն իդեալական պատասխան: Մենք չպետք է կատակների օբյեկտ լինենք»:
https://www.youtube.com/watch?v=yokBIQbs__M