Ինչպես պաշտպանել այգիները ցրտահարությունից. խորհուրդ են տալիս մասնագետները
Համաձայն ԼՂՀ ԱԻՊԾ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ տեղեկատվության` առաջիկա օրերին ԼՂՀ տարածքում հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ նվազում, գիշերվա ժամերին` մինչև -2-40C:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ներկայումս ԼՂՀ հարթավայրային շրջաններում ընթացքի մեջ են ծիրանենու, դեղձենու և սալորենու ծաղկումը, ուռչել են կեռասենու և այլ պտղատուների բողբոջները:
Նշված ջերմաստիճանային ռեժիմի գրանցման դեպքում կարող են վնասվել ծաղկած այգիները, մասամբ` նաև ծառերի ուռչած բողբոջները:
Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար, նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին` այգիների հարակից ճանապարհների վրա քամու ուղղությամբ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, ծառի ճյուղերի, աթարի և այլ այրվող նյութերի կույտեր, ինչպես նաև այգու տարբեր հատվածներում գոմաղբի եվ ծղոտի խառնուրդի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ 00C –ի` այրել (ծխեցնել) նշված կույտերը` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար, ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի խորհուրդ է տրվում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում` ապահովելով դրական ջերմաստիճանային պայմաններ:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների վերաբերյալ նոր և առավել ճշտված տեղեկատվություն ստանալու դեպքում, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ: