Արման Թաթոյանը՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախնական ծանոթացել է Ընտրական օրենսգրքի նախագծին, դրա վերաբերյալ ունի որոշակի դիտարկումներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո Արման Թաթոյանն ասաց լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ դիտարկումները պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել՝ հիմնավորելով նաև միջազգային փորձի տեսանկյունից:
«Կարծում եմ՝ ողջամիտ է հարցը, որը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների և դիտորդների ներկայությանն ընտրատեղամասում: Նախատեսված է կոնկրետ քանակ՝ 8 հոգի: Թեև հիմնավորումները նշվում են, որ դա արվել է նաև ընտրատեղամասի տարածքի հնարավորությամբ, բայց ես կարծում եմ՝ կարելի է առաջարկել քննարկել ցանկն ընդլայնելու հարցը»,- ասաց Արման Թաթոյանը:
Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ Արման Թաթոյանն ասաց, որ այդ հարցը շատ քաղաքականացված է, շատ կոնկրետացված գնահատական այս պահին չի ցանկանում տալ, բայց այդ հարցը լուծելիս՝ կարևոր է նկատի ունենալ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի դիտարկումները, Սահմանադրական դատարանի դիրքորոշումը.
«Պարզապես այս պահին ձեռնպահ կմնամ իմ սեփական դիտարկումներն անելուց»: Արման Թաթոյանն ասաց, որ միջազգային կազմակերպությունները նշում են, կա փորձ, որ մարդու իրավունքների պաշտպանն Ընտրական օրենսգրքի հետ կապված պետք է հատուկ մոտեցում ցուցաբերի, իրավունքների պաշտպանությանն ունենա կարևոր մասնակցություն, բայց չպիտի այնպիսի դիրքորոշումներ արտահայտի կամ այնպիսի մասնակցություն ունենա, որ մտնի քաղաքական գործընթացների մեջ:
Դիտարկմանը, որ ընդդիմությունն առաջարկում է ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, Արման Թաթոյանն արձագանքեց, որ, թեև ողջամիտ է առաջարկը, բայց պետք է զգույշ լինել, որովհետև միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ խնդրահարույց կլինի, եթե քվեարկության գաղտնիության հետ կապված հարցերը վտանգվեն.
«Բայց մյուս կողմից էլ՝ տեսախցիկները կարևոր են, որովհետև հետագայում բողոքարկումների ժամանակ հնարավորություն է լինում օգտագործել: Այնպես որ, հարցին պետք է բազմակողմանի նայել: Ես նույնպես կփորձեմ գնահատական տալ՝ սրա հետ կապված»: