«Դա իրականությանը չի համապատասխանում». Հովհաննես Մարգարյանը հերքեց լուրը, թե ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի բանակցությունները տեղի են ունենում Զարուհի Փոստանջյանի միջոցով
«Առավոտ» օրաթերթն այսօր գրել էր, թե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն առաջիկայում դաշինք կկազմեն: Թերթը նաև նշել էր, թե նրանք բանակցությունները վարում են Զարուհի Փոստանջյանի միջոցով, և, որ նիստերի դահլիճում պատգամավորները քանիցս ականատես են եղել, թե ինչպես է Արամ Մանուկյանը հանձնարարականներ տալիս Զարուհի Փոստանջյանին, որոնք այնուհետև Փոստանջյանը փոխանցում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին:
168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հիմա համագործակցում են ՀԱԿ-ի հետ՝ Ընտրական օրենսգրքի առաջարությունների շուրջ.
«Միշտ համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ և՛ «Ժառանգության», և՛ ՀԱԿ խմբակցության հետ»: Պատգամավորը նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՀԱԿ-ի հետ դաշիք կազմելու հարցը կուսակցությունում չի քննարկվել. «Այս պահին օրակարգում նման հարց չի քննարկվում»:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք Ձեր բանակցությունները ՀԱԿ-ի հետ տեղի են ունենում Զարուհի Փոստանջյանի միջոցով, ինչպես նշվում է մամուլում, նա պատասխանեց.
«Դա իրականությանը չի համապատասխանում: Հիմա քննարկվում է ընդհանուր միասնական մոտեցում՝ Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ միասնական առաջարկություններ ներկայացնելու հարցում: Այդ հարցում և՛ համագործակցել ենք, և՛ համագործակցում ենք, և՛ շարունակելու ենք համագործակցել, մեր տեսակետները նույնն են»:
Հարցին՝ այսինքն՝ թափանցիկ համագործակցությո՞ւն է տեղի ունենում, այլ ոչ թե՝ կուլիսային քննարկումնե՞ր, նա պատասխանեց. «Այո, թափանցիկ համագործակցություն, որը միշտ եղել է»: