Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը պատրաստ է շաքարավազի իր «զավոդը» տալ Նիկոլ Փաշինյանին

«Շաքարի գործարանը որ քանդվեց, այդ մասնագետները չէին կարող միանգամից շաքար ստանալ, դրա համար ժամանակ է պետք, դրան էլ ենք հասնելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Հարցին՝ Դուք իսկապե՞ս տասյոթ դրամ եք վճարում գազի համար, պատգամավորը պատասխանեց, որ ինքը հիմա կոնկրետ չի կարող ասել՝ որքան: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ են գնալ, տեսնել, թե Ս. Ալեքսանյանի շաքարի գործարանն ինչպես է աշխատում: Ի պատասխան՝ նա ասաց, որ լրագրողները երբ ուզում են, կարող են գնալ, միայն թե պետք է դեռ աշխատեցնեն գործարանը:

Նա նշեց, որ գործարանը տարեկան 4 ամիս է աշխատում, քանի որ, եթե ամբողջ տարին աշխատի, ապա 2000-3000 տոննա շաքարավազ կարտադրի, իսկ մենք այդքան շուկա չունենք: Ս. Ալեքսանյանը նաև ասաց, որ իրեն պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանը տարեկան մոտ 80 տոննա արտադրանք է տալիս:

«Ֆինանսական դժվարություն չկա, մասնագետները պետք է բերվեն, 30 տարի այդտեղ բազուկ չի ցանվել, վեց տարվա մեջ մենք հազիվ մասնագետներին սովորեցրեցինք, որ բերած այդ հումքով կարողանան աշխատել: Դա այդպես հեշտ չէ, եթե այդքան հեշտ ա՝ թող մենք էդ զավոդը տանք Նիկոլ Փաշինյանին, գա-աշխատացնի, մենք ամեն ինչը կտանք, գումարն էլ, ամեն ինչն էլ»,- հայտարարեց Ս. Ալեքսանյանը:

Հարցին՝ թա՞նկ է բազուկից շաքար ստանալը, թե՞այլ խնդիրներ կան, պատգամավորը պատասխանեց, որ տարբեր խնդիրներ կան, որոնց մասին հիմա պատրաստ չէ խոսել:

«Բայց չեք խաբելու, գալու եք, չէ՞»,- հետաքրքրվեց Ալեքսանյանը լրագրողներից: Ի պատասխան՝ լրագրողները հավաստիացրեցին, որ գնալու են այցելության: «Ես էլ խոսք եմ տալիս, ձեզ հետ եմ գալու»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ շաքարավազի հումքը եկել է Բրազիլիայից՝ 30 հազար տոննա, երկրորդ հումքն էլ պետք է գա, որպեսզի գործարանի աշխատանքը չկանգնեցնեն.

«Հիմա հենց մյուս նավը Բրազիլիայից դուրս կգա, կկազմակերպենք: Մի ամսվա մեջ կաշխատացնենք, ձեզ էլ կասենք՝ կգաք-կնայեք»:

Ըստ Ս. Ալեքսանյանի՝ արդեն հինգ-վեց տարի է, ինչ իր ընկերությունները շաքարավազ չեն ներկրում:

«Միայն հումքն ենք ներկրում»,- ասաց նա: Հարցին՝ այդ դեպքում՝ ինչպես բացատրել այն տեղեկությունները, որ Դուք հումքի անվան տակ հենց շաքարավազ եք ներկրում, որպեսզի հարկերից խուսափեք, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն օդից կախված բռնել ա թեման, ես էլ մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ է, բայց ուզում է ցույց տա՝ մեզ հետ չի: Ես էլ օդից կախված նման բան եմ ասում: Ինքը կարողանո՞ւմ է ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում, թող գա՝ ապացուցի: Նա ասում է՝ օդից կախված լուրերով»:

Հարցին՝ շաքարավազ արտահանվո՞ւմ է իրենց ընկերության կողմից, Ս. Ալեքսանյանը պատասխանեց՝ «Մեկումեջ անում ենք: Վրաստան՝ մի երկու տարի առաջ, բայց հիմա չենք անում»:

Տեսանյութը՝ 1in.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս