«ՀԱԿ-ի 7 պատգամավորներից 4-ը կողմ են Սասուն Միքայելյանի թեկնածուներին նշանակելուն». Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՀԱԿ-ին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ուղարկված գրության մեջ արծարծված հարցին: Պատգամավորը գրել է.

«Ես շարունակում եմ պնդել, որ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվեն Սասուն Միքայելյանի առաջադրած թեկնածուները: Մինչև այս պահը իմ նշած չորս պատգամավորներից ոչ ոք չի հերքել այդ դիրքորոշումը: Սա դե յուրե բավարար է հարցը լուծելու համար: Եթե ոչ՝ թող հրավիրվի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հատուկ դռնբաց նիստ, քննարկվելու և քվեարկելու համար խնդրո առարկա հարցերը»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր Լևոն Զուրաբյանին՝ միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:
ՀԱԿ-ը, սակայն, երեկ պատասխան հրապարակեց, որում ասվում էր.

«Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասային հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:

ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբևէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն և միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:
Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով:

Մինչդեռ խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի և այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է:

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը:

Դրա վերջին վկայությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն են, երբ նույն այդ հանձնաժողովների անդամների դրսևորած սկզբունքայնության շնորհիվ Հրազդան քաղաքում «Այո»-ն պարտվել է 27 տեղամասերից 18-ում՝ հակառակ իշխանության կողմից կիրառված բոլոր տեսակի օրինախախտումների և բռնաճնշումների: Խմբակցությունը վստահեցնում է, որ նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները այս անգամ նույնպես խստորեն կհետևեն ապրիլի 17-ի ընտրությունների օրինականությանը և կկատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:

Ինչ վերաբերվում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը սատարելուն, ապա դա խմբակցության որոշելիքը չէ և այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները իրավասու են հայտնելու միայն համապատասխան քաղաքական ուժերը»,- ասված էր Կոնգրեսի պատասխանում:

Կարճ ասած՝ ՀԱԿ-ը համաձայն չէ Սասուն Միքայելյանի առաջարկած անձանց նշանակել հանձնաժողովների ադամներ:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի հիմնական թեկնածուներն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն ու ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս