Գագիկ Սուրենյանը`սպասվող ցրտահարությունների մասին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները, Արմավիրում -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորու -3, Աշտարակում -3, Երևանում -2…-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջևանում -2 աստիճան ցուրտ: Բացառություն են կազմել Սյունիքի հովիտները որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում +2 աստիճան տաք: Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4…-7, հողի մակերևույթին -5…-8 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաև մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2…-5, հողի մակերևույթին -3…-6 աստիճան ցուրտ:
Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն»: