«Որոշակի տեղերում ցրտահարություն եղել է». գյուղնախարարը՝ ցրտահարության և կորուստների մասին
Այս գիշեր բացասական ջերմաստիճան գրանցվել է Զվարթնոցի և դրան հարակից մի քանի համայնքներում: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության համաձայն՝ նախորդ գիշեր, այսօր, վաղը ցրտահարություն էր սպասվում:
«Գրանցվեց մինչև 5-6 աստիճան ցուրտ: Արտաշատում հիմնականում գրանցվել է -2 աստիճան., Արարատի տարածաշրջանում՝ կես աստիճանից մեկ աստիճան: Արմավիրի մարզում՝ 1-2 աստիճան, Մեղրիի տարածաշրջանում՝ պլյուս 2 աստիճան, Արենիի, Վայոց Ձորի ցածրադիր գոտիներում՝ -1 աստիճան: Այսօրվա վիճակով կարող ենք ասել, որ հիմնական ցրտահարությունը կայացել է Զվարթնոցի, Փարաքարի և Մերձավանի տարածքներում: Սակայն սա չի կարելի ամբողջացնել, որովհետև նույնիսկ կան համայնքներ, որտեղ տարբեր ջերմաստիճանայաին ռեժիմներ են գրանցվել: Մի տեղ ջուրը սառել էր նույնիսկ գետնի վրա, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել:
Այսօր նորից սպասվում են ցուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, և այսօր վաղը սպասվում է ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ: Դրա համար մենք արդեն 4 օր է՝ խորհրդատվություն ենք տարածել, մեր մասնագետների միջոցով մարզերում, տեղերում, գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք, որ անպայման իրականացնեն ծխապատումը, ոռոգումը՝ հիմնականում կորիզավոր պտղատու այգիների»,- ասաց Սերգո Կարապետյանը։
Նախարարը նշեց, որ այսօր դեռ հնարավորություն չունեն գնահատելու կորուստները, քանի որ դեռ վաղ է. «Բարձրադիր գոտիներում՝ Թալինի տարածաշրջանում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերի բարձրադիր գոտիներում, ծիրանենիները դեռևս ծաղկակալած էլ չեն, և դեռևս ծաղիկները չեն բացվել, այնտեղ ընդհանրապես ցրտահարություն չի կարող լինել: Իհարկե, մենք այսօր գնահատում ենք, որ որոշակի տեղեր ցրտահարություն եղել է, մասնակի է, և առաջիկա 2-3 օրերի ընթացքում նոր պարզ կլինի, թե ինչ ենք ունենալու»: