Բաժիններ՝

ԱՄՆ-ի կինոակադեմիան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ներգրավել է ղեկավարության կազմում

Ամերիկյան կինոակադեմիան, որը շնորհում է «Օսկար» մրցանակը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների է ներգրավել ղեկավարության կազմում: Ինչպես հաղորդվում է հաստատության կայքում, տնօրենների խորհուրդը համալրվել է եւս երեք անդամներով:

Գլխավոր ղեկավար մարմնի կազմում տեղ են զբաղեցրել աֆրոամերիկացի Ռեջինալդ Հադլինը, մեքսիկացիներից եւ բասկերից սերված Գրեգորի Նավան, ինչպես նաեւ ծնունդով Հարավային Կորեայից Ջենիֆեր Յու Նելսոնը:

Ավելի վաղ խորհրդի կազմում, որն ընդգրկում Է կինոարվեստի 51 գործիչների, կար սպիտակամորթների ռասային չպատկանող միայն երկու անդամ՝ Կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը եւ կինեմատոգրաֆիստների գիլդիայի կառավարիչ Դերին Օկադան:

«Ես հպարտանում եմ այն քայլերով, որոնք կատարել ենք բազմազանությունը մեծացնելու համար»,- հայտարարել է Այզեքսը: «Այժմ մենք գիտենք՝ ինչ է պետք անել, որպեսզի ավելի ներկայացուցչական դարձնենք մեր կազմակերպությունը»,- ընդգծել է նա:

Տարբեր Էթնիկական ծագում ունեցող եւս յոթ մարդ ընդգրկվել է ակադեմիայի պրոֆիլային կոմիտեներում:

Կինոակադեմիայի անդամների կազմը փոփոխելու անհրաժեշտության մասին Այզեքսը հայտարարել էր հունվարի 18-ին: Դրա համար առիթ Է դարձել «Օսկար» մրցանակի առաջադրման շուրջ ծագած սկանդալը, երբ կինոակադեմիայում մատնանշեցին, որ անվանակարգված են միայն սպիտակամորթ դերասաններ:

Մինչ այդ կինոարվեստի մի շարք գործիչներ հայտարարել էին, թե մտադիր են բոյկոտել «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը, քանի որ դերասանական կատեգորիաների անվանակարգորդների թվում բացակայում են սեւամորթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս