Հովիկ Աբրահամյանը հերքում է իր, Գագիկ Խաչատրյանի ու Գագիկ Բեգլարյանի միջև լարված հարաբերությունների մասին խոսակցությունները

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ընտրություններից հետո հեշտ կլինի՞ Ձեզ կառավարման համակարգից հեռացնելը: Ի պատասխան՝ Հ. Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւմ կողմից է փորձ արվում նման բան անել:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ Սերժ Սարգսյանի կողմից, վարչապետը նորից հետաքրքրվեց՝ «Դուք նման բան եք նկատե՞լ»:

Դիտարկմանը, թե նման քաղաքականություն է տարվում, օրինակ, այս կառավարության կազմի փոփոխություններով, վարչապետն այսպես արձագանքեց. «Նման փաստ չունեք դուք, և մի մտածեք ինձ համար, շատ շնորհակալ եմ, որ մտահոգվում եք, բայց մի մտահոգվեք»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իր հարաբերությունները լարված են որոշ նախարարների, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, վարչապետն ասաց, որ ընդհանրապես ոչ մի նախարարի և վարչապետի հարաբերություն լարված չէ: Հարցին, թե պարոն Բեգլարյանի հետ էլ լարված չէ՞, վարչապետն այսպես արձագանքեց. «Ոչ մեկի, այդ թվում նաև՝ պարոն Բեգլարյանի»:

Լրագրողի ճշտող հարցին, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ էլ լարված չե՞ն հարաբերությունները, վարչապետն այսպես պատասխանեց. «Նա նորմալ աշխատում է, և ես կարծում եմ, որ այդ բամբասանքները պետք է վերանան»:

Հարցին՝ 2017 թվականից հետո Ձեզ որտե՞ղ եք տեսնում, վարչապետը պատասխանեց, որ «պետք է ապրենք մինչև 2017 թվականը, հետո կտեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս