«Կառավարությունը շատ լավ աշխատում է և շատ լավ աշխատել է»
«Գազի գնի իջեցման որոշում չկա, բայց քննարկում կա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում քննարկել են այդ հարցը, և հիմա նախարարությունը, «Գազպրոմ-Արմենիան» գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում:
Դիտարկմանը, թե կառավարությունը երկար ժամանակ բանակցեց գազի գնի շուրջ, սակայն՝ «ապարդյուն», ու այս ֆոնին՝ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա կարծես նպատակ ուներ շտկելու կառավարության «ապաշնորհ» բանակցությունները, վարչապետն այսպես արձագանքեց. «Խնդրում եմ՝ Ձեր գնահատականների մեջ լինել կոռեկտ: Մենք թիմ ենք և աշխատում ենք ի շահ մեր Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի: Եթե Նախագահն աշխատում է, օգնում է, դա չի նշանակում, որ ապաշնորհ ենք»:
Դիտարկմանը, թե դա նշանակում է, որ Կառավարությունը չի կարողանում աշխատել, վարչապետն այսպես արձագանքեց. «Կառավարությունը շատ լավ աշխատում է և շատ լավ աշխատել է»: