
Մինչև ապրիլի 1-ը գյուղացիներին կվճարեն խաղողի մթերման գումարները

Մարտի 15-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով վերադարձնել խաղողի մթերման գումարները: Նրանք իրենց բողոքն արտահայտել էին՝ փակելով Երևան-Մեղրի ավտոճանապարհը:
168.am-ը Քաղցրաշեն ժամանած ու գյուղացիների խնդրին տեղյակ գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանից փորձեց պարզել, թե ինչու մթերող ընկերությունը չի վճարում գյուղացիներին: Փոխնախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ընկերությունը չի կարողացել վճարել, բայց երեկ հանդիպել են սեփականատիրոջ հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մարտի 25-ից ապրիլի 15-ն ամբողջությամբ պարտքերը վճարեն:
Փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե մյուս շրջաններում ի՞նչ վիճակ է, արդյո՞ք այլ տեղերում գյուղացիներին ժամանակին վճարում են: Նա պատասխանեց, որ պարտքերի քիչ քանակ է մնացել. «Ընդհանուր 8 տոկոսի չափով պարտք է մնացել, բայց նախարարը մի քանի օր առաջ խաղող վերամշակողների հետ հանդիպեց ու հորդորեց, որ մինչև ապրիլի 1-ը վճարեն, որպեսզի գյուղացիները կարողանան գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ գումար ունենալ»: