«Չեմ կարծում եմ, որ Շիրակում հիմնական վարչության պետերը, կառուցվածքային ստրուկտուրաները կփոխվեն՝ դաշնակցական կդառնան». Դավիթ Լոքյան
«Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել, ինչպես ինձ մոտ, այնպես էլ` վարչապետի, տրվել են հանձնարարականներ, ծրագրերն իրականացնելու, տեմպերն արագացնելու և այլն»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք ձեռնարկել՝ մարզերի, մարզպետների հետ կապված:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած կառույցն ընտրական գործընթացներին չի միջամտելու: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կպատրաստվի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինի մարզերի զարգացման հեռանկարները:
Հարցին՝ ինչո՞ւ է Շիրակի մարզի ՀՅԴ-ական մարզպետն իր դաշնակցական ընկերներին տեղափոխում մարզպետարան, նախարարը պատասխանեց, ու ինքը տեղեկացված չէ. «Դա մարզպետի իրավասությունն է՝ իր հայեցողական պաշտոններում որոշակի մարդկանց նշանակելու»:
Դիտարկմանը, թե նրանք հիմնականում դաշնակցական են, Դ. Լոքյանն այսպես պատասխանեց. «Կարող են լինել դաշնակցական, բայց չեմ կարծում, որ այնտեղ հիմնական վարչության պետերը, կառուցվածքային ստրուկտուրաները կփոխվեն՝ դաշնակցական կդառնան»: