«Նրանք ընդհանուր ներքին խոհանոցին տիրապետում են». Վահրամ Բաղդասարյանը՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների մասին

«Հանդիպումը փակ էր, շատ կարևոր հարցեր բարձրացվեցին, առաջ քաշվեցին ընդհանուր մտահոգություններ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Վենետիկի հանձնաժողովի հետ ունեցած հանդիպման մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վենետիկի հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին հանդիպել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԸՕ-ի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները:

Վ. Բաղդասարյանի տպավորությունը բավականին դրական էր. «Վենետիկի հանձնաժողովը շատ ավելի շատ լսողի դերում էր, մենք ընդհանուր ներկայացրեցինք ԸՕ-ն, իրենք նշումներ էին կատարում, հանդիպման իմաստն այն էր, որ իրենք իրենց վերջնական եզրակացությունը կազմելիս՝ լսած լինեն բոլոր քաղաքական ուժերին»:

Մեր այն հարցին, թե՝ իրենց դիրքորշման հետ կապված ի՞նչ տպավորություն ստացան, ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց. «Տպավորությունն այնպիսին էր, որ նրանք մանրամասն ուսումնասիրել էին, մենք հասկացանք, որ նրանք ընդհանուր ներքին խոհանոցին տիրապետում են ու բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք նաև ընդդիմության կողմից են բարձրացվում»:

Հարցին՝ նախագծային տարբերակը, որ ներկայացրել եք Վենետիկի հանձնաժողովին, ինչքանո՞վ է ընդունելի նրանց համար, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը նկատեց, որ հանձնաժողովի անդամների բարձրացրած հարցերը մի քանիսն էին, որոնց պատասխանները հիմնականում մեր Սահմանադրությունից բխող էին. «Կարծես թե դրական տպավորություն է թողել: Այնտեղ, իհարկե, կային առաջարկություններ, որ մեր կողմից նույնպես ընդունելի էին, որ կարող ենք քննարկել»:

Մեր ճշտող հարցին, թե կոնկրետ ո՞ր դրույթների վերաբերյալ էին հանձնաժողովի անդամները հարցեր բարձրացնում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ դա փակ քննարկում է եղել, ու ինքը չի կարող դրանց մասին խոսել:

Տեսանյութեր

Լրահոս