«Շատ պատգամավորների խանութներ «տերյանյան հուշիկ քայլերով» բարձրացնում են ապրանքների գները». Նաիրա Զոհրաբյան
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի համբերատար և ջանադիր բացատրությունները բենզինի գների վերաբերյալ որևէ կերպ հիմնավոր չեն: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծարգրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Կամ Հայաստանում բենզինը ածխաջրածնից չեն ստանում, կամ կա որևէ այլ պատճառ»,- ասաց նա՝ նշելով, որ փաստ է, որ Հայաստանում բենզինի գները բարձր են և նավթի գների նվազմանը զուգընթաց չեն իջնում:
Ն.Զոհրաբյանն անդրադարձավ նաև բրենդային խանութներում կեղծ զեղչերի խնդրին. «Սա խայտառակություն է, պարոն Շաբոյան, բոլոր բրենդային և ոչ բերնդային խանութները, որոնք պատկանում են տարբեր օլիգարխներին և կիսաօլիգարխներին, կամ օլիգարխների ցանկերում գրանցած տարբեր անձնավորությունների, այսպես կոչված զեղչերի համար նախատեսված ամիսներին կեղծ զեղչեր են, նույն ապրանքատեսակը այլ գին է, զեղչի ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են 30-40% զեղչ և իբր ապրանքն այդքան զեղչված է»:
Նա անհասկանալի համարեց Շաբոյանի ձևակերպումը, որ գները բարձրացնում են սեփական զգացողությամբ: Ըստ Ն.Զոհրաբյանի՝ ԱԺ դահլիճում նստած շատ պատգամավորների խանութներ «տերյանյան հուշիկ քայլերով», 20-40 դրամով բարձրացնում են ապրանքների գները: