«Ջրերը հոսել են, իսկ օրենսդրությունը չի հոսել». Նիկոլ Փաշինյանը՝ իր, Սասուն Միքայելյանի և ՀԱԿ-ի հարաբերությունների մասին
«Զիջելու մասին չէ խոսքը, տեղերը կարող է «Ժառանգություն» կուսակցությունը զիջել, բայց ՀԱԿ-ի դեպքում զիջման խնդիր չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ՀԱԿ-ին ուղղած իր գրության մասին՝ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ն. Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ԸՕ-ն սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կա՛մ խմբակցություն ձևավորած կուսակցությունները, կա՛մ դաշինքի դեպքում՝ խմբակցությունները. «Սասուն Միքայելյանի դերն անուրանալի է ՀԱԿ խմբակցության ձևավորման գործում: Խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի: Ասում են՝ այդ հանձնաժողովի տեղերից ինչո՞ւ պետք է մարդկանց հանենք ու Սասուն Միքայելյանի թեկնածուներին ներկայացնենք: Ուզում եմ ասել, որ այդ հանձնաժողովները ձևավորված չեն, գոյություն չունեն, որ մենք նրանց հանենք, ուրիշ մարդկանց նշանակենք: Այս պրոցեսը ամսի 18-ին է սկսվելու: Այստեղ զիջելու կամ չզիջելու խնդիր չէ»:
Հարցին՝ բավականին ջրեր են հոսել, Ձեր, Սասուն Միքայելյանի և ՀԱԿ-ի հարաբերություններն այնպիսին են, ճի՞շտ է նման հորդորով դիմելը, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ջրերը հոսել են, իսկ օրենսդրությունը չի հոսել: Հիմա մենք առաջիկայում այդ օրենսդրության հոսքն էլ կտեսնենք, բայց այս պահին օրենսդրությունը չի փոխվել: Ես չեմ խոսում տրամադրությունների մասին, խոսում եմ օրենսդրությունից բխող տրամաբանության մասին: Հարաբերությունների մեջ ոչ մի գաղտնիք չկա, դուք բոլորդ գիտեք՝ ոչ մի գաղտնիք չկա, մենք հիմա հարաբերություններ չենք պարզում այս գրագրությամբ, մենք ընդամենն ասում ենք ՝ եկեք այս մի հարցն այսպես լուծենք»: