
Կրեմլում հնարավոր են համարել Պուտինի և Քերիի հանդիպումը

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով պլանավորում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, հայտնում է Interfax-ը:
«Իսկապես, ներկայում մշակվում ու ամենայն հավանականությամբ կկայանա պետքարտուղար Քերիի ուղևորությունը Մոսկվա, որտեղ նա կհանդիպի իր ռուս պաշտոնակցի՝ Լավրովի հետ: Դիտարկվում է նաև Ռուսաստանի նախագահի հետ Քերիի հանդիպման հնարավորությունը»,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը, անկասկած, պատրաստ կլինի քննարկել առավել արդիական հարցերը, առաջին հերթին՝ Սիրիայի վիճակը և խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու ուղղությամբ մեր համատեղ ջանքերի կոորդինացումը»:
Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Մոսկվա՝ քննարկելու Սիրիայի իրավիճակի քաղաքական կարգավորման հարցեր: