«Եթե նույնիսկ Վարդան Օսկանյանը փոխի իր անուն-ազգանունը, դա չի նշանակում՝ ինքը Վարդան Օսկանյանը չէ». Նիկոլ Փաշինյան

«Այսօր ապրիլի մե՞կն է, ինձ թվաց՝ այսօր ապրիլի մեկն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իր ստեղծվելիք կուսակցության օրակարգում է լինելու Մարտի 1-ի բացահայտումը, այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ արեց չմոռանալ՝ ով ով է: Ն. Փաշինյանի խոսքով՝ եթե նույնիսկ Վարդան Օսկանյանը փոխի իր անուն-ազգանունը, դա չի նշանակում՝ ինքը Վարդան Օսկանյանը չէ, «ով 2008 թվականի Մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում»:

«Երբ ես ասում եմ՝ ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, դա չի նշանակում, որ կա՛մ Վարդան Օսկանյանը, կա՛մ Արթուր Բաղդասարյանը, կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Տիգրան Թորոսյանը, կա՛մ Հովիկ Աբրահամյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ Սամվել Ալեքսանյանը, կա՛մ Գագիկ Ծառուկյանը, կա՛մ դաշնակցականները, որևէ մեկը չի մոռացվել, և ես ինքս ինձ համար բացառում եմ որևէ համագործակցության ձև Մարտի 1-ի ոճրագործների և նրանց սպասարկուների հետ: Օսկանյանին ուղիղ դասում եմ և՛ առաջին խմբի մեջ, և՛ երկրորդ խմբի մեջ, և իմ վերաբերմունքն այս առումով չի փոխվել: Ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել, ու ոչ ոք հույս չունենա, որ ինքն այդ ոչ ոքի մեջ չի մտնելու»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս