Բաժիններ՝

Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին անտիցիկլոն կմոտենա

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք սկանդինավյան շրջանից բավականին ցուրտ արկտիկական օդային զանգվածներ են ներթափանցել: Նրա խոսքով՝ հանրապետությունում առաջիկա օրերին կնկատվի ջերմաստիճանի նվազում:

«Արդեն երեկ ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով: Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է բացասական` -1-2 աստիճան: Հանրապետության մի շարք շրջաններում, նույնիսկ Սյունիքի նախալեռնային և հովտային գոտում առատ ձյուն է տեղացել»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` ակնկալվում է, որ առկա ամպամածությունը առաջիկա գիշերը զգալիորեն կնոսրանա: «Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին անտիցիկլոն կմոտենա: Նման պայմաններում սովորաբար նկատվում է եղանակի լիարժեք պարզեցում: Մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի: Ջերմային ֆոնը կպահպանվի մարտի 19-ի գիշերը: Երեք օր` մարտի 17-19-ը, ակնկալվում է ցրտահարություն: Թե որքանով ինտենսիվ կլինի այն, կախված է ամպամածության պատկերից»,-շեշտեց նա:

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ` հանրապետության տարածքին մարտի 20-ին կմոտենա հաջորդ ցիկլոնը, որը կրկին սառն է:

«Մարտի 20-ին կսկսվեն տեղումներ, առատ ձյուն կտեղա, ցածրադիր հատվածներում տեղումները կլինեն անձրևի և ձնախառն անձրևի տեսքով»,-հավելեց նա: Չի բացառվում, որ մարտի 21-ին ցրտահարությունը կրկնվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս