«Ժիրինովսկին գոռում էր, որ Ռուսաստանն օրը 2-3 մլն դոլար ծախսում էր՝ նպատակաուղղված Սիրիայի վրա». Անուշ Սեդրակյան

«Եվրոպան հիանալի հասկանում է` փողի հատկացումները, որ ինքը պետք է անի, բոլոր դեպքերում անելու է, որովհետև, եթե միգրանտները մտնեն եվրոպական տարածք, ծախսումները կրկնակի-եռակի շատ են լինելու, քանի որ Եվրոպան ստիպված պետք է լինի իրականացնել կարգապահական միջոցառումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա՝ այդ փախստականներն իրենց ուղղակի խայտառակ ձևով են պահում. «Նրանք չեն պահպանում եվրոպական կարգ ու կանոնը, չեն պաշտպանում Եվրոպայի օրենքն ու տառը, դրա համար կարգապահական միջոցառումները Եվրոպայում խստացել են, դա լրացուցիչ ծախս է: Եվս մեկ ծախս է այդ փախստականներին եվրոպական մշակույթին ինտեգրելը։ Նրանց թուրքական մշակույթի մեջ ինտեգրելն ավելի քիչ ծախս է։ Այս պարագայում Եվրոպան գտնում է լավագույն լուծումը, և Թուրքիան էլ պատեհ պահը չի կորցնում։ Մենք ենք կորցնում մեր` փող ուզելու հնարավոր պահերը: Այն ժամանակ, երբ Հայաստանը կարող է փող ուզել տարբեր գերտերություններից, ներառյալ՝ Ռուսաստանից, նա, չգիտես ինչու, տալիս է: Իսկ Թուրքիան պատեհ պահը չի կորցնում»:

Ա. Սեդրակյանի կարծիքով՝ Թուրքիան նաև օգտագործում է ահագնացող կոնֆլիկտը Ռուսաստանի հետ` իբրև խստացնող միջոցառում. «Թուրքիան ասում է, որ պետք է շարունակել օգուտ ստանալ, որը հետագայում կարող է շրջվել Ռուսաստանի դեմ։ Այդ փողերը, որ նա վերցնում է փախստականներին ինտեգրելու համար, երբևէ Թուրքիան չի օգտագործելու ըստ նպատակի, նա օգտագործելու է դա՝ սպառազինություն գնելու համար: Հույս կա միայն ՆԱՏՕ-ի զսպաշապիկի վրա, այն էլ շատ հեռավոր հույս է»:

Նրա պնդմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը նույնատիպ երկրներ են, նույնատիպ կառավարման մեթոդիկայով. «Թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին բնորոշ են անսպասելի ու անպատեհ ռազմական միջադեպերը, երկու երկրներն էլ պատեհ առիթը բաց չեն թողնում փող պոկելու և սպառազինվելու։ Դրա համար այդ երկու երկրների միջև հարաբերությունները մեզ հուշում են, որ նրանք ո՛չ ահավոր, ո՛չ ստաբիլ դաշնակիցներ են, վկա՝ Սիրիայի դեպքը, երբ տեսնում ենք, որ Ռուսաստանը հետ քաշեց իր ուժերը, ասաց, որ միսիան ավարտված է։ Սիրիացիներն իրենց մամուլում շրջանառում են այն միտքը, որ՝ ի՞նչ միսիա է սպառված, ընդամենը Ասադին մի քիչ օգնել է, որ նա դիրքային առավելություն ստանա։ Փախստականների հոսքի, Սիրիայի շարունակական ռմբակոծման և ԻԼԻՊ-ի խնդիրը բնավ լուծված չէ։ Ռուսաստանը երբեք հիմնական թիրախ չի տեսել ԻԼԻՊ-ին»:

Անուշ Սեդրակյանը համոզված է, որ կոալիցիոն ուժերի մեջ Ռուսաստանը չկատարեց իր հիմնարար ֆունկցիան. «Հիմնարար ֆունկցիան հավասար պարտնյոր լինելն է, նրան չընդունեցին՝ որպես հավասար պարտնյոր»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամրապնդեց Ասադի դիրքերը. «Ռուսաստանը փայաբաժին ունի Սիրիայի հանքահորերից, դա բացահայտ փաստ է: Երեկ երբ ասացին՝ ինչո՞ւ Պուտինը հետ քաշեց զորքերը Սիրիայից, Ժիրինովսկին պատասխանեց. «Որովհետև նրան ճնշում էին կեղտոտ, դաժան և ագահ օլիգարխները: Նրանք մտածում էին, որ իրենց եկամուտներն այս պատերազմի հետևանքով քչանում են, և ճնշեցին Պուտինին՝ ստիպելով, որ նա զորքերը դուրս հանի Սիրիայից»: Ժիրինովսկին գոռում էր, որ Ռուսաստանն օրը 2-3 մլն դոլար ծախսում էր՝ նպատակաուղղված Սիրիայի վրա: Ռուսաստանի ներկայիս տնտեսական վիճակում դա ահռելի գումար է»:

 

Տեսանյութեր

Լրահոս