ԵՏՄ-ից բերված ավտոմեքենաներից ԱԱՀ չի գանձվի. ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց (ուղիղ միացում)
Այսօր Ազգային ժողովի նիստում միաձայն ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ԵՏՄ-ից մեքենաներ ներկրելու դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը վերացվում է: Նախքան քվեարկությունը` պատգանմավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե առաջադրված երկու լուրջ դիտողություններով՝ մեկ մեքենան դիտարկվո՞ւմ է որպես մաքսային քանակություն և ի՞նչ է լինելու 2015-ին գանձված փողերի հետ, հետ կապված ի՞նչ է արվելու:
Օրենքի համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պատասխանեց, որ բարձրացված հարցերը վերաբերում են «Մաքսային օրենքում» փոփոխությանը, առանձին քննարկման հարց է. «Այս մասով մենք ԵՏՄ տարածքից ներմուծված ավտոմեքենաներից ԱԱՀ չենք գանձում»:
Օրինագիծն ընդունվեց 107 կողմ ձայնով:
Միաձայն ընդունվեց նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն էին Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը, և որով ուրիշի փոխարեն քվեարկելը կամ գրանցվելը այլևս պատասխանատվության կենթարկվի:
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 108 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Պատգամավորներ նաև հաստատեցին 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը՝ 99 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Այժմ ԱԺ-ն շարունակում է ՏՄՊՊՀ 2016թ. ծրագրի քննարկումը: