Բաժիններ՝

Մահացած զինվորի մայրը տեղյակ չէր որդու հետ կատարվածից

tesankyun.am-ը գրում է.  Մարտի 14-ին Նոյեմբերյանի սահմանագոտում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող, Էջմիածին քաղաքի բնակիչ Կամո Մարտիրոսյանը: Խմբագրություն զանգահարել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի մի բնակիչ, ով մտերիմ է եղել  Կամո Մարտիրոսյանի հետ:

Նա ասել է, որ երեկ առավոտյան հուզված իրեն զանգահարել է մահացած զինվորի մայրն ու ասել, որ Կամոյից տեղեկություններ չկան: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչի վկայությամբ՝ 2014թ. աշնանը զորակոչված Կամո Մարտիրոսյանը համեստ ընտանիքի համեստ զավակ էր, 2 եղբայր եւ քույր ուներ: Նոյեմբերյանցու վկայությամբ՝ զինվորը չի բողոքել ծառայությունից: Կայքի  տվյալներով՝ գնդակը կոտրել է զինվորի կզակի ոսկորը եւ դուրս եկել գլխի հետևի մասից: ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ դեպքի մասին մեզ մանրամասներ հայտնել, ասելով, որ դեպքի վայրում քննիչները եւ ռազմական ոստիկանությունը աշխատանքներ են կատարում:

Ինչպես նշում է կայքը  ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն էր տարածել, ուր ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 14.03.2016թ.` ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի, Կ.Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս