«Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայությունը մեծացնելը ժամանակի հարց է». Ալեքսանդր Մարգարով
Սիրիական կոնֆլիկտում Ռուսաստանի ներգրավվածությամբ լուծվեց մի քանի խնդիր: Առաջինը Ռուսաստանն իր գործողություններով նպաստեց, որ ամրապնդվեն Սիրիայի նախագահ Բաշար Ալ- Ասադի դիրքերը: Միանշանակ է նաև այն հանգմանքը, որ միջազգային հանրությունը հաշվի է առնում Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, և պարզ է, որ պաշտոնական Մոսկվան դառնում է այնպիսի դերակատար, որի հետ կարելի է համագործկցել նույն սիրիական հարցի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն` անդրադառնալով Սիրիայի զորքի հիմնական մասի դուրս բերման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը:
«Ռուսաստանն այս քայլով նաև ցույց է տալիս, որ ինքը, Սիրիայում ներգրավվելով, չի ցուցաբերում կտրուկ կեցվածք` ասելով, թե ինքն է այստեղ և միայն ինքն է որոշում ինչ է լինելու Սիրիայում: Ցույց է տրվում այն, որ ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես կողմերից մեկը, ով ներգրավված է սիրիական զարգացումներում և ունի իր շահերը տվյալ տարածաշրջանում»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Ռուսաստանի նախագահի որոշման հետ կապված երկու հիմնական մոտեցումներ են շրջանառվում: Նախ այն, որ ՌԴ-ն, ծախսելով օրական մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար, ազատագրեց 10 հազար քկմ տարածք, շուրջ 200 բնակավայրում վտանգը զգալի նվազեց: Այժմ էլ ռուսական կողմը պատրաստ է որոշ չափով ետ կանգնել, և նպաստել Շվեյցարիայում տեղի ունեցող բանակցային գործընթացին, որպեսզի այն բերի կոնկրետ արդյունքներ սիրիական տարբեր կողմերի համար, Սիրիան էլ մնա մեկ միասնական պետություն:
Հաջորդ մոտեցումն էլ այն է, որ ՌԴ-ն ի վիճակի չէ երկու ճակատում` Սիրիայում և Ուկրայինայում շարունակել պայքարել: Ֆինանսական ծանր իրադրություն է, Ռուսաստանի վրա բացասական ազդեցություն են թողնում Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները և ահա նա գնում է նահանջի:
Իրականում, Ալեքսանդր Մարգարովի խոսքով, ՌԴ-ն ամբողջությամբ իր զորքերը դուրս չի բերում: Նա պահպանում է թե Տարտուսի բազան, թե տեղի ավիաբազան: Դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում Սիրիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելը ժամանակի հարց է: