«Պատմական օր» Ազգային ժողովում

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Դրանով կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն:  Հ

եղինակներն են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը և Ռուբիկ Հակոբյանը:

Զ.Փոստանջյանը նշեց, որ իր պատգամավորության 9 տարիների ընթացքում սա իր առաջին օրինագիծն է, որ կընդունվի, քանի որ համաձայնեցվել է ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ: Զ.Փոստանջյանը նկատեց, որ ենթադրում էր, որ իր դերակատարումը ավելի մեծ կլինի ԱԺ-ում:

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը «պատմական օր» անվանեց այս օրը, երբ կընդունվի Զ.Փոստանջյանի հեղինակած առաջին օրինագիծը:

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ակնարկելով Փոստանջյանի կողմից պատգամավորների քվեարկության քարտերը հավաքելու փաստը, շտապեց հայտարարել, որ, բացի ուրիշի փոխարեն քվեարկելուց, կարգազանցություն է ուրիշին քվեարկելու հնարավորությունից զրկելը: Ըստ նրա` կարելի է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, ընդհուպ զրկել ոչ միայն ձայնից, այլ նիստին մասնակցութունից:

«Եթե առաջարկը կառուցողական է, ապա անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը, ստանում է ԱԺ աջակցությունը»,- ասաց Խ.Հարությունյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց միմյանց լսելու, անձերի դեմ հանդես չգալու, զեկուցողներին լսելու, իշխանության ներկայացուցչի վրա չբղավելու. «Ես ուզում եմ, որ իմ, բոլորիս երեխաներն ապրեն ավելի բարեկիրթ Հայաստանում, իսկ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է այդ նշաձողը սահմանվի: Շատ դեպքերում պետք չի գռեհիկությանը գռեհիկությամբ պատասխանել, այլ պետք է բարեկրթությամբ պատասխանել»:

Տեսանյութեր

Լրահոս