
Ի՞նչ է Ձեռնադրությունը

– Ի՞նչ է Ձեռնադրությունը:
– Ձեռնադրությունը Հայ Եկեղեցու սրբազան խորհուրդներից է, երբ առաքելական հաջորդականությամբ իշխանություն ստացած եպիսկոպոսը, ձեռք դնելով ընծայացուի վրա, իշխանություն է տալիս նրան` Ավետարանը քարոզելու, խորհուրդները կատարելու, և սպասավորելու Տիրոջ Ս. Սեղանին:
Այս խորհուրդը երբեմն անվանում են նաև «Կարգ քահանայության» կամ «Խորհուրդ կարգի», քանզի եկեղեցում միայն քահանայական ձեռնադրություն և օծում ունեցող անձը կարող է կատարել խորհուրդները` Ս. Մկրտություն, Ս. Պսակ և այլն:
Դպրական 4 աստիճանների և սարկավագական ձեռնադրությունների ժամանակ եպիսկոպոսը ձեռքը դնում է նրանց գլխին և համապատասխան իշխանություն տալիս` այս կամ այն բանն անելու համար: Բայց քահանայական ձեռնադրության ժամանակ եպիսկոպոսը նաև Ս. Մյուռոնով օծում է ընծայացուի ճակատը և ձեռքերի ափերը:
armchurch.info