Արմեն Մուրադյանն ընդունեց հիվանդների հարազատներին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարազատների ներկայացուցիչներին, ովքեր հարց են բարձրացնում իրենց հիվանդներին ապահովել անվճար «Զիպրեքսա» հոգեմետ դեղով` պնդելով, որ այն առավել արդյունավետ և որակով է:
Նախարարի հետ հանդիպման ժամանակ ծնողները շեշտեցին, որ «Զիպրեքսա» դեղն օգտագործելու ընթացքում իրենց հիվանդների վիճակը անհամեմատ ավելի լավ է եղել, իսկ վերջին շրջանում այն դադարեցնելուց հետո կտրականապես փոխվել է։
«Մենք Ձեզ մոտ ենք եկել մեծ հավատով ու վստահությամբ, քանի որ 2014թ. Դուք արդեն կարողացել եք այդ խնդրին լուծում տալ, ինչի շնորհիվ իմ տղան անգամ բուհ է ընդունվել»,-ասաց ներկաներից մեկը։ Արմեն Մուրադյանը նշեց, որ թե այս և թե հոգեկան առողջության հետ կապված բոլոր խնդիրները նախարարության ուշադրության կենտրոնում են։
«Ձեր բարձրացրած հարցը մեզ նույնպես շատ մտահոգում է։ 2014թ. ձեզ հետ հանդիպումից հետո մեր մասնագետներն ուսումնասիրություններ կատարեցին, որի արդյունքում հստակեցվեց, որ մի խումբ հիվանդների համար արդյունավետ է «Զիպրեքսա» դեղը»,-ասաց նախարարը` նշելով, որ այն ժամանակ խնդրի լուծման այլ հնարավորություն էր գտնվել։
Արմեն Մուրադյանը նաև հայտնեց, որ նախարարությունը հաստատակամ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հիվանդների խնդիրների լուծման գործում։
«Այժմ էլ աշխատանքներ են տարվում, որպեսզի գործող օրենսդրության շրջանակներում խնդրին լուծում տրվի։ Ինչպես գիտեք, նախարարությունը միշտ բաց է աշխատում և պատրաստ է ձեր բոլոր մտահոգություններին ու խնդիրներին արձագանքելու»,-ասաց նախարարը։