«Սուտը հիմա կասեմ՝ ով ա ասում». Հրանտ Բագրատյանն ու Ռոբերտ Նազարյանը վիճեցին
Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու պատգամավոր Հրանտ Բագրատյանը վիճեցին: Նազարյանը ներկայացրեց մի շարք երկրներ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինը շատ ավելի բարձր է: Հ.Բագրատյանի դիտարկմանը, որ այդ երկրներում եկամուտներն են ավելի շատ, Նազարյանը նկատեց՝ «եկամուտների տերը ես չեմ»:
Հ.Բագրատյանի մեղադրանքին, որ Նազարյանը թյուրիմացության մեջ է գցում, ՀԾԿՀ նախագահը հակադարձեց. «Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատության մեջ եք դնում Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական դոտացիա»: Ըստ Նազարյանի՝ վարչապետության օրոք Բագրատյանը բոլոր հայեցակարգերից հրաժարվում էր, ազատական գաղափարների մասին էր խոսում, այսօր այլ՝ սովետական շրջանի բան է ասում, բայց շատ երկրներում հանրային ծառայությունները կարգավորողների դերը կարևորվում է:
Հ.Բագրատյանը պահանջեց իրեն վարման կարգով ձայն տալ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մերժեց:
«Ուղղակի սուտ ա ասում»,- իր պահանջը հիմնավորեց պատգամավորը:
«Սուտը դո՛ւ ես ասում»,- նետեց Նազարյանը:
«Սուտը հիմա կասեմ՝ ով ա ասում»,- տեղից բղավեց Հ.Բագրատյանը:
Հ. Նաղդալյանը կոչ արեց փորձել զսպել զայրույթը՝ նշելով, որ վարման կարգով կարելի է ելույթ ունենալ քվեարկությունից առաջ և հետո. «Պետք չի բաղվել, կանոնակարգի պահանջները կատարվում են»: