
Առաջարկ` ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների անձնական օգտագործման գույքի վաճառքի վերաբերյալ

Վերջին օրերին հանրության քննարկման և արդարացի դժգոհության առարկա է դարձել ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների պարտավորությունների դիմաց անձնական օգտագործման մի շարք իրեր աճուրդի դնելու փաստը: Մասնավորապես, աճուրդի են դրված մի քանի հազար դրամանոց մանկական զուգարանակոնք, սուրճի բաժակներ, ափսեներ, խաղալիքներ: Նշվածը կրում է պարբերական բնույթ:
Ակնհայտ է, որ նշված գույքերի վաճառքը որևէ էական արդյունք չի տալու պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարման հարցում, միևնույն ժամանակ այդ ամենի կազմակերպումը պետական աշխատողների աշխատավարձային և ժամանակային ռեսուրսի անտեղի վատնում է:
Առաքելություն կուսակցությունը փաստում է, որ նշվածը վառ օրինակ է պետական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև պետության կողմից քաղաքացիների սոցիալական պաշտպանության ոտնահարման:
Միևնույն ժամանակ, նշվածը կառավարության և խորհրդարանի հերթական փնթի աշխատանքի արդյունք է, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը կատարում է ընդամենը հերթական փնթի օրենքի պահանջը:
Առաքելությունը կուսակցությունն առաջարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի «Կատարողական վարույթ հարուցելը» 30-րդ հոդվածում կատարել լրացում, համաձայն որի.
Ֆիզիկական անձ հանդիսանող պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող անձնական օգտագործման գույքի կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ գույքի ընդհանուր արժեքի մինչև 1.000.000 դրամի չափով:
«Առաքելություն» կուսակցություն
14.03.2015թ.