Սեքսով զբաղվելն ամոթալի չէ. Վրաստանի նախագահը մեկնաբանել է սկանդալային տեսագրությունը
Ամոթ է ոչ թե սեքսով զբաղվելը, այլ նման տեսագրություններ տարածելը: Այս մասին, ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Սեքսուալ բնույթի տեսագրությունը, որտեղ, ըստ ամենայնի, հանդես է գալիս վրացի քաղաքական գործիչներից մեկը, անհայտ հեղինակը տեղադրել էր Youtube-ում:
Տեսագրության մեջ պատկերված անձանց դեմքերը ծածկված են, անուններ նշված չեն, միաժամանակ, տեսագրության հեղինակը հայտնել է, որ իրենց հերթին են սպասում այլ քաղաքական գործիչներ ևս:
«Կարող եմ այսօր բացահայտ ասել հասարակությանը, որ սեքսն ու սեքսուալ կյանքն ամոթալի չեն: Անձամբ ես ունեմ սեքսուալ կյանք, եղել է շատ հարուստ սեքսուալ կյանք ու լինելու է ապագայում … Ցանկացած մարդ, ով կտարածի այդ զզվելի տեսագրությունը, կպատժվի: Զզվելի չէ այն պատճառով, որ սեքսուալ կյանքն է զզվելի, այլ այն պատճառով, որ դա նկարահանելն է զզվելի»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշների հիման վրա (ոտնձգություն անձնական կամ ընտանեկան գաղտնիքի, տեղեկության, նկատմամբ, որն արտացոլում է անձնական կյանքը կամ անձնական տվյալները):
Սկանդալային տեսագրության հրապարակումից մի քանի ժամ անց Youtube-ն այն արգելափակել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հետ համագործակցության արդյունքում: