ԱՄՆ-ում պատրաստվում են նոր «սուպերերեքշաբթիին»
ԱՄՆ-ում պատրաստվում են նոր «սուպերերեքշաբթիին», երբ կուսակցական թեկնածուների ընտրություններ տեղի կունենա ԱՄՆ-ի միանգամից 5 նահանգում: ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատարներն անփոխոխ են մնում, հայտնում է Euronews-ը:
Հանրապետական Դոնալդ Թրամփի դիրքերը չի կարողացել սասանել անգամ Օհայոյում միտինգի ժամանակ ծագած սկանդալը: Միլիարդատերը վստահ է իր գերազանցության մեջ այնքան, որ դա արտահայտվում է նրա հասարակ կարգախոսներում: «Ես անհամեմատ լավն եմ իմ մրցակիցներից, ես դա ձեզ հաստատ եմ ասում: Ու ես Հիլարիից ավելի լավն եմ: Հիլարին լավ մարդ չէ»,- հայտարարել է Թրամփը:
Ըստ վերլուծաբանների՝ Թրամփի միակ ռեալ մրցակիցը մնում է հանրապետական սենատոր Թեդ Կրուզը, սակայն նրա էլեկտորատը հիմնականում ԱՄՆ-ի հարավային մասերում է տեղակայված այն դեպքում, երբ երեքշաբթի քվեարկելու են միջին արևմուտքի նահանգներն ու Ֆլորիդան: Այդ նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն զիջում է Թրամփին հայտնիությամբ անգամ իր նահանգում, այնպես որ դիտորդները խոսում են Ռուբիոյի ընտրարշավի ավարտի մասին:
Դեմոկրատների ճամբարում առաջատարի դիրքն ամրապնդել է Հիլարի Քլինթոնը: Հույս ունենալով կուսակիցների նկատմամբ հաղթանակի հասնելու հարցում՝ նա արդեն բանավիճում է Թրամփի հետ: «Նախագահ դառնալու համար բավարար չէ մարդկանց ասել, թե ինչի դեմ ես հանդես գալիս, բավարար չէ միայն մեղադրել, որոնել մեղավորի ու մատնացույց անել: Մեր երկիրն ապրում է հույսով, որ սա հնարավորությունների երկիր է, մենք ապագան ավելի լավն ենք դարձնում, քան ներկան ու անցյալը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը:
Դեմոկրատների «երկրորդ համար» Բեռնի Սանդերսը այդ ֆոնին դեռ հույս ունի պայքարել Քլինթոնի դեմ Օհայո, Իլլինոյս ու Միսսուրի նահանգներում այն դեպքում, երբ Ֆլորիդայում ու Հյուսիսային Կարոլինայում նա քիչ շանսեր ունի հաղթելու: