«Մեքենայությունների արդյունքում 30 մլն վարկը կհայտնվի հայ, ռուս, ամերիկացի կոռումպացված չինովնիկների գրպանում». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թ. ծրագրի քննարկումները: Նախորդ քառօրյայի ժամանակ քննարկումն ընդհատվեց պատգամավորների ելույթների ժամանակ:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն ամենաթանկն են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, օրինակ՝ Վրաստանում 1 կվտ ժամի համար վճարում են 28.6 դրամ, ՀՀ քաղաքացիները՝ 47.7 դրամ, այսինքն՝ շուրջ 70%-ով ավելի: Ըստ նրա՝ անցած տարի թանկացումը բացատրեցին էներգետիկ ճեղքվածքով, հետո պարզվեց, որ նախորդ մեկ տարում 30-40 մլն դրամ ավելի վճարելու պայմաններում ճեղքվածքը մեծացել է և պետք է ևս 4 դրամ ավելի վճարենք, հետո պարզվեց, որ ճեղվածքը կրկին մեծացել է, որովհետև ՀԷՑ-ը 23.5 մլրդ դրամ պարտք ունի արտադրողներին ու չի կարողանում վճարել, իսկ վերջին թանկացումից 7 ամիս հետո էլ պարզվեց, որ ՀՀ-ում կային էլեկտրաէներգիա արտադրողներ, որոնց ՀԷՑ-ը ոչ մի դրամ պարտք չուներ, դրանք էին՝ Հրազդանի ՋԷԿ, Հրազդանի 5-րդ բլոկը, Որոտանի կասկադը և Սևան-Հրազդան կասկադը:

Ն.Փաշինյանի խոսքով՝ պարտքի բեռը մեծամասամբ ծանրացել էր Երևանի ՋԷԿ-ի ու ՀԱԷԿ-ի վրա. «Ինչո՞վ են տարբերվում այս մի խումբ ընկերությունները մյուս խմբից: Պարզվում է, որ փող չստացող արտադրող ընկերությունների սեփականատերերը կա՛մ ՀՀ-ն է, կա՛մ հայաստանյան գոծարարներ, իսկ փող ստացած սուբյեկտների սեփականատերերը, ուշադրություն դարձրեք, օտարերկրյա սեփականատերեր են. Հրազդանի ՋԷԿ-ը պատկանում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին, որին պատկանում էր նաև ՀԷՑ-ը, Հրազդանի 5-րդ ռուսական «Գազպրոմին» և Որոտանի կասկադը ամերիակյան սեփականատերեր ունի»:

Ն.Փաշինյանը նշեց, որ  միջազգային աուդտի եզրակացության համաձայն՝ ՀՀ-ի էլեկտրաէներգիա սպառողները ամենապարտաճանաչն են ԱՊՀ-ում, վճարումները կատարվում են 94%-ով. «ՀԷՑ-ը՝ ի դեմս իր տխրահռչակ ղեկավար Բիբինի, մեր փողերը հավաքել ա և ալարել ա մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարի և ամբողջը տարել, տվել ա ռուսական սեփականություն ունեցող և ամերիկյան սեփականություն ունեցող Որոտանի կասկադին և դրանից հետո Բիբին կոչված երույթը եկել մեր դուռը կտրել է ու, ըստ էության, շանտաժ է արել, ասել է՝ եթե դուք էլեկտրաէներգիայի գինը երրորդ տարին անընդմեջ չմեծացնեք, ձեր էներգետիկ համակարգը կռախի կենթարկվի:

Ու սրանից հետո ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞ 15 դրամով չթանկացնենք հոսանքը, 6.9 դրամով թանկացնենք ու մի հատ էլ վիզները ծռում են»:

Ն.Փաշինյանի գնահատականով՝ սա դավադրություն է ՀՀ էներգետիկ համակարգի դեմ: Նա նշեց, որ անցած տարի օգոստոսի մեկից մոտ 7 դրամով էլեկտրաէներգիան թանկացավ, որ ՀէՑ-ը պատքերը փակի, օգոստոսից մինչև հունվարի մեկը միայն ավելացված չափի շնորհիվ ՀԷՑ-ը ստացել է 10-15 մլրդ դրամ հասույթ, սակայն ՀԱԷԿ-ի 7 մլրդ պարտքից փակել է 890 մլն դրամը, Երևան ՋԷԿ-ի 12 մլրդ դրաից՝ 1.5 մլրդ դրամը, այսինքն՝ ունեցածի ընդամենը 12%-ը. «Սա նշանակում է, որ չնայած հոսանքի գինը թանկացրել ենք, ճեղքվածքը էներգետիկ համակարգում ոչ միայն չի փակում, այլ երկնիշ թվերով է մեծացնում»:

Պատգամավորի կարծիքով՝ Բաղրամյանի իրադարձություններից հետո իշխանությունը չի համարձակվում հոսանքը նորից թանկացնել, վարկ է վերցնում, որ ՀԱԷԿ-ի ու ՋԷԿ-ի պարտքը փակեն, բայց այս մեքենայությունների արդյունքում նույնպես այս վարկը կհայտնվի հայ, ռուս, ամերիկացի կոռումպացված չինովնիկների գրպանում, փոխանակ նրանց պատասխանատվության ենթարկեն ՀՀ էներգետիկ համակարգը սնանկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս