
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով 5 մարդ է սպանվել

Մարտի 13-ի առավոտյան Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցման փորձի ժամանակ 5 իրավախախտ է սպանվել, հայտնում է contact.az-ը:
Դեպքը տեղի է ունեցել Արբեջանի Յարդըմլին շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում` սահմանային անցակետի մոտ:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը, մարտի 13-ին՝ առավոտյան ժ. 04.10-ի սահմաններում, գործել է ազդանշանային համակարգը ու արձանագրվել է Իրանի կողմից 8-10 հոգանոց խմբի տեղաշարժը:
Իրավախախտները չեն ենթարկվել «Կանգնել» հրամանին ու անտեսելով նախազգուշական կրակոցը՝ զինված դիմադրություն են ցուցաբերել:
Սահմանապահները կրակ են բացել վերջիններիս նկատմամբ, ինչի հետևանքով 5 մարդ սպանվել է տեղում, իսկ 2-ը՝ ձերբակալվել:
Հաղորդվում է, որ խումբը բաղկացած է եղել Բանգլադեշի քաղաքացիներից ու նրանց զինված ուղեկիցներից: Նրանց քաղաքացիությունն ու թիվը ճշտվում է:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտներ և Browning ապրանքանիշի ատրճանակ:
Շարունակվում են օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումներ: