Կոլոմոյսկին Սահակաշվիլիին խորհուրդ է տվել իր համաժողովներով գնալ բաղնիք
Ուկրաինայի Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին վիրավորվել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց Դնեպրոպետրովսկում եւ Զապորժիեում «Շարժում հանուն մաքրման» համաժողովների ձախողման համար, որոնք պլանավորված էին մարտի 15-ին եւ 16-ին:
Կոլոմոյսկին «հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի մեզ չհաջողվի այդ քաղաքներում հանդիպել քաղաքացիների հետ». այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Սահակաշվիլին:
«Դնեպրոպետրովսկում վարձակալման հարցում մեզ հանկարծ մերժեց մեր կողմից վաղօրոք պատվիրված «Մենորա» դահլիճը, իսկ մյուս շենքերն օլիգարխի ճնշման ներքո պարզապես հրաժարվում են համագործակցելուց: Ուստի մենք որոշեցինք այդ հանդիպումները հետաձվել մինչեւ մարտի 20-ը եւ 21-ը»,- ճշտել է նա: Կոլոմոյսկին, իր հերթին, հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի պատահածի հետ եւ Սահակաշվիլիին եւ նրա «Շարժմանն» ուղարկել է բաղնիք:
«Եթե դա «Շարժում է հանուն մաքրման», ապա մաքրվել անհրաժեշտ է բաղնիքում, այլ ոչ թե սինագոգում»,- մեջբերում է գործարարի խոսքն «Ուկրաինսկայա պրավդան»:
«Մենորա» մշակութային-գործարար կենտրոնն աշխարհում ամենախոշոր հրեական համալիրն է, որը կառուցվել է Իգոր Կոլոմոյսկու ֆինանսական մասնակցությամբ: