Սաակաշվիլին քաղաքական կուսակցություն է ստեղծում
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պլանավորում է ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի տեղակալ Սաշա Բորովիկը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Շուտով մենք քաղաքական ծրագիր կունենանք, ըստ ամենայնի, նախընտրական: Դա լինելու է աջկենտրոնամետ, ֆիսկալ-պահպանողական ու սոցիալ-լիբերալ ծրագիր: Մենք ցանկանում ենք կառուցել ժողովրդավարական, եվրոպական կուսակցական կազմակերպություն, որտեղ ղեկավարները կընտրվեին ժողովրդավարական ճանապարհով»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Բորովիկը նշել է, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամն արդեն տևում է 4 ամիս, քաղաքական էլիտան սնանկացել է ու դա տրամաբանորեն հանգեցնում է նոր ընտրությունների: Նրա կարծիքով՝ այդ կուսակցությունը փորձ է՝ փոխել Ուկրաինայի էլիտան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին՝ «ավելի շատ, քան վարչապետ դառնալն է»:
«Ես ցանկանում եմ սահմանել խաղի նոր կանոններ»,- ասել էր Սաակաշվիլին: