
Պան Գի Մունը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, որին զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: Նա նաև ցավակցել է զոհերի հարազատներին ու ընտանիքներին:
«ՄԱԿ-ը շարունակում է աջակցությունը Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը այս դժվարին պահին»,- ասվում է փաստաթղթում, որը տեղակայված է համաշխարհային կազմակերպության կայքում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է Թուրքիայի մայրաքաղաքի երկու գլխավոր տրանսպորտային զարկերակների հատման կետում:
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն հայտնել է, որ պայթյունի հետևանքով տեղում մահացել է 30 մարդ, իսկ 4 մարդ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Սպանվածներից 2-ը, ամենայն հավանականությամբ, եղել են պայթյունն իրականացնողները:
Նրա խոսքով՝ Անկարայի հիվանդանոցներ են տարվել 125 վիրավորներ, որոնցից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պայթյունը տեղի է ունեցել Գյուվեն այգուց ոչ հեռու՝ Անկարայի տրանսպորտային հանգույցներից մեկում: