
Մխիթարյանը ցավակցել է «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ մահացած երկրպագուի ընտանիքին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ մարզադաշտում մահացած երկրպագուի ընտանիքին: Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ եմ տխրել՝ իմանալով մարզադաշտում մեր սիրելի երկրպագուի մահվան մասին: Իմ բոլոր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի հետ են, ինչպես նաև այն երկրպագուի, ով այս պահին հիվանդանոցում է»:
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնել է, որ գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ սրտի կաթվածից մահացել է ակումբի երկրպագուներից մեկը: Եվս մեկ երկրպագու սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքից հետո «Բորուսիա»-ի երկրպագուները դադարեցրել են երգել, իսկ խաղի ավարտից հետո «Սիգնալ Ւդունա Պարկ» մարզադաշտում հավաքված երկրպագուները միասին երգել են You’ll never walk alone երգը: