Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան և Կիպրոս

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ: Աթենքում նախատեսված է հայ-հունական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո ՀՀ Նախագահը և Հունաստանի վա րչապետը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կամփոփեն երկկողմ բանակցությունների արդյունքները:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Հունաստանից ՀՀ Նախագահը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս, որտեղ ևս հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ: Այցի արդյունքները Հայաստանի և Կիպրոսի նախագահները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում՝ երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո: Սերժ Սարգսյանը կայցելի նաև Կիպրոսի համալսարան, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ի երեկոյան Կիպրոսից կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ հերթական գագաթնաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս